Իմ այս գրքի «Կյանքը հրացանի փողի տակ» լույս աշխարհ գալու համար կարող էի գալ և համբուրել քո բարեբախշ ձեռքը և բաց ճակատը և ասել երախտագիտության սրտագին խոսքեր: Բայց հիշելով, որ այդ խոսքերը պիտի հնչեն օդում և օդում էլ պիտի ցնդեն ջրի պղպջակների պես, որոշեցի` ինչ որ պիտի ասեմ բանավոր ավելի լավ է հանձնեմ թղթին, մանավանդ, որ թղթի հանդեպ դժվար է անկեղծ չլինել... Այո, Աբգար սիրելիս, որոշեցի թղթին հանձնել երախտագիտության իմ այս խոսքը, որ դու էլ այն պահես քո թղթերում, պահես, հիշես ու անպայաման իմանաս, որ քո շրջապատի, ավելի շուտ քեզ շրջապատող մարդկանց մեջ ես այն քչերից մեկն եմ, որ քեզ և լավ և խորն է ճանաչում, գնահատում և հավատարիմ է մնում մշտապես գնահատում է քո լայն, անդավ սրտի մեծ բարությունը և նույնիսկ քո մոլորությունը, որ գալիս է հենց այդ բարությունից:
Ես շատ բանաստեղծական ժողովածուներ եմ հրատարակել և ուրախացել նրանց ամեն մեկի ծնունդով, բայց այս մեկը, որ միայն
քո անդուլ
ջանքով ու սրտի ազնիվ
մղումով ճանապարհ հարթեց և վերջապես երևաց արևի լույսի տակ, բոլորովին ուրիշ է, այն իմ արձակի միավորդին է և նրա պատճառած ուրախություն էլ ավելի մեծ է, անպարփակ: Եվ այդ մեծ ու անպարփակ ուրախությունը դու տվիր, դո’ւ Աբգար սիրելիս: Չէ, ինչ ուրախություն, սա միայն ուրախություն չէ, այլ պարգև, հրաշագեղ պարգև, կյանքի մռայլը ցրող պարգև, որ ստացա քո առատաձեռն ձեռքից իմ գրական
մեծ ճանապարհի վերջին ոլորանում: Ի~նչ լավ է, որ հենց այդ ոլորանում հանդիպեցի քեզ, սիրելի Աբգար, քեզ` գրական ազնիվ գործիդ, որ խիզախ է, ազնիվ, գրականության նվիրյալ և առհասարակ շնորհաշատ գրական մարդ: Խնդրում եմ Աբգար սիրելիս, քաղցրախոսություն չհամարես, եթե ասեմ դու շատերիս համար, ինձ նմանների համար մեր այսօրվա կյանքի մացառուտներում բացեցիր եթե չասեմ դաշտ, մի լայն բացատ, ուր միայն բարություն է ծաղկում:
Ինչու եմ այսպես իմ առաջացած տարիքում ուրախությունից ոստոստում երեխայի պես, ասես մի պատանի եմ, պատանի ստեղծագործող, որ առաջին անգամն է գիրք հրատարակում: Ինչո±ւ: Երևի ոչ ոք չի պատկերացնում, թե ՙԿյանքը հրացանի փողի տակ՚ իմ այս գիրքը ինչ է ինձ համար: Սա իմ կյանքի գիրքն է, որ շատ է նման իր տառապանքով իր տառապյալ հեղինակին: Ամենից կարևորը` գուցե իմ այս գրքով կարողանամ բացել այն մարդկանց փակ աչքերը, որոնք մեջտեղ եկան միայն արցախյան շարժման պայթյունից հետո և նրա իններորդ ալիքի վրա հայտնվելով` հայտնվեցին իշխանական գահերին, որոնք չեն հիշում շարժման նախապատմությունը, չեն հիշում շարժման հնագույն մասնակիցներին ու կազմակերպիչներիս, որոնցից մենակ ես եմ մնացել:
Հետո իմ այս գրքով իմ վրեժն եմ լուծում նրանցից, որոնք Արցախ աշխարհում ինձպեսներին զրոյացրել են, դավել են արցախահայությանը: Շատ ափսոս, որ այս գիրքը ուշ աշխարհ եկավ, հիմա այդ դավաճաններիցոչ մեկը կենդանի չէ:
Վերջացնեմ: Այս ամենի համար նորից ու նորից շնորհակալ եմ, շատ եմ շնորհակալ քեզնից, միակ մարդուց ամբողջ Հայաստանի գրողների միության ղեկավարների մեջ, որի հանդեպ միշտ երեխտապարտ պիտի մնամ և որին հիշելով կքաղցրանան կյանքիս դառն օրերը:
Քեզ երկար, շատ երկար կյանք ու ճանապարհ սիրելի, սիրելի Աբգար:
ԲՈԳԴԱՆ ՋԱՆՅԱՆ 9.06. 2001թ.
Երևան

Комментариев нет:
Отправить комментарий