пятница, 13 декабря 2013 г.

Աբգար Ափինյան. Գրողների միությունը կառուցվածքային բարեփոխումների կարիք ունի



Համահայկական գրողների միությունն աջակցելու է Հայաստանի գրողների միությանը, ինչպես նոր ղեկավար ընտրելու, այնպես էլ հետագա գործունեության ընթացքում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
«Մենք ջերմորեն աջակցելու ենք միությանը բոլոր հարցերում, ունենք փոխըմբռնում, համագործակցության ծրագրեր: Ես հինգ տարի աշխատել եմ կառույցում որպես առաջին քարտուղար, լավատեղյակ եմ, գիտեմ խնդիրները, թերությունները: Կառույցը գեղեցիկ ազգային հորինվածք է: Գրողների միությունը վերանցնելը սխալ է, այն ազգային արժեք է»,- ասաց նա:
Աբգար Ափինյանը կարծում է, որ գրողների միությունում կառուցվածքային բարեփոխումների կարիք կա: Ըստ նրա՝ այսօրվա միակենտրոն կառուցվածքը խանգարում է աշխատանքին: «Պահպանելով ամբողջականությունը, պետք է փորձել բազմաձայնություն առաջ բերել: Տարբեր ասոցիացիաներ կան, խմբակներ, որոնք կարող են համախմբվել միության ներքո, այդ կառուցվածքը հնարավորություն կտա տարբեր խմբավորումներին մոտենալ միությանը, իրականացնել ծրագրեր: Գրողներն այսօր իրարից հեռու են, չեն ճանաչում միմյանց: Սա է իմ առաջարկը, ես այն ներկայացրել եմ և հույս ունեմ, որ կիրականացնեն»,- ասաց նաև և հավելեց, որ գրողների միությունը պետք է արդիական կառուցվածք ունենա:
«Մենք սովոր չենք, լինելով տարբեր, քայլել միասին, շփվել, իսկ դրանք պետք են: Գրողների միությունը միակն է, որ մեզ պետք է տա այդ շփումների հնարավորությունը: Դրսի հայացքն է, որ փրկելու է մեզ: Այդ համագործակցությունը չկա, ես կուզեմ, օրինակ, մեր միության գրական ստեղծագործությունների մասին այլ ակումբների կարծիքը լսել»,- նշեց նա:
Աբգար Ափինյանն ընգծեց, որ գրողների հանրությունը ջլատված չէ. «Սակայն մենք մնացել ենք 30-ականների մակարդակին: Մենք բարեփոխված մտածողություն չունենք, չենք աշխատում ինչպես աշխարհն է աշխատում: Ես շատ ուրախ կլինեմ, որ հոկտեմբերի 20-ի համագումարում նոր մարդկանց անուններ էլ հնչեն: Առաջադրումները պետք է լինեն համգումարի ժամանակ: Շատ ուրախ կլինեմ, որ երիտասարդներն էլ ակտիվանան: Միակ խնդիրն այն է, որ երիտասարդների համար ազատ ճանապարհ բացվի: Ստեղծվում է գրականություն, որ մնում է ակումբի շրջանակներում»:
Անդրադառնալով քննարկումներին, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ և իր թեկնածությունը ներկայացնել ԳՄ նախագահի պաշտոնում, Ափինյանը նշեց, որ Սիրադեղյանը լավ գրող է և ինքը կուզենա, որ առաջադրվի:

Комментариев нет:

Отправить комментарий