четверг, 28 ноября 2013 г.

Աբգար Ափինյան. ,,Գրողների միջև հակասություններ չկան, կան տարաձայնություններ գրողների և չգրողների միջև,,

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին քննադատեց Հայաստանի գրողների միությանը։ «Այսօր մենք ունենք շատ լավ գրողներ և գրական գործեր, բայց մեր Գրողների միության սխալ քաղաքականության պատճառով դուք նրանց երբեք չեք տեսնում, նրանց մասին չեք լսում, և եթե մենք չափանիշ դնենք, կունենանք և´ գրողներ, և´ գրականագիտություն, և´ քննադատություն. մենք չափանիշի հարց երբեք չենք դրել»,- ասաց նա։
Հանդիպման առիթը «Գրական կյանք» թերթի ծնունդն էր, որն, ըստ Ափինյանի, առաքելություն ունի շեշտը դնել գեղարվեստական բարձր արժեքների վրա, ժողովրդավարական պայմաններ ստեղծել գրականության զարգացման համար։ Թերթի գլխավոր խմբագիրն է Ալեքսանդր Ղումաշյանը։ Ըստ Ափինյանի՝ աշխատանքի հիմնական սկզբունքն է լինելու բարձրարվեստ գրականություն ներկայացնելը, նոր դեմքեր բացահայտելն ու գրական կյանքն ակտիվանցնելը։ «Այս պահին ունենք 200 մարդու դիմում, որ ցանկություն են հայտնել դառնալ Երևանի գրողների միության անդամ, բայց չենք շտապում նրանց ընդունել. կարևորում ենք ոչ թե քանակը, այլ որակը»,- ասաց Ափինյանը։
Ըստ ԵԳՄ նախագահի՝ փորձը ցույց է տալիս, որ երբ գեղարվեստական բարձր արժեքներ են ներկայացվում, հետաքրքրում են հասարակությանը։ Թերթը լույս է տեսնում ամսական պարբերականությամբ և 5 000 տպաքանակով։ Եվ թեպետ ամսսական պարբերականությունն այս պահին համարվում է ձեռքբերում, գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը նշեց, որ իր խմբագիր եղած ժամանակ «Գրական թերթը» շուրջ 150 հազար տպաքանակով էր լույս տեսնում։
Երիտասարդ արձակագիր Միքայել Աբաջյանցը, ով, ինչպես ներկայացրին, Ռուսաստանում «Արձակի արքա» կոչմանն է արժանացել, կարծիք հայտնեց, որ հայ արձակը հիմա շատ լավն է, և ունի բազմաթիվ լավ դեմքեր. «Ուղղակի մի մարդու մի գործը կարող է ուժեղ լինել, մյուսը՝ թույլ, բայց լավ գրականության համար կա ընթերցող»,- ասաց նա։
Անդրադառնալով Երևանի, Հայաստանի և Հայ գրողների միությունների միջև առկա հակասություններին՝ Ափինյանը նշեց. «Գրողների միջև հակասություններ չկան, կան տարաձայնություններ գրողների և չգրողների միջև»։
«Տաշիր 2011» մրցանակաբաշխությանն անդրադառնալով՝ Ափինյանն ասաց. «Հերթական անգամ խայտառակ եղանք»։ Նա նշեց, որ կազմակերպված միջոցառումը հեռու էր բարձր չափանիշներից, հրապարակայնորեն նվերներ հանձնելու ձևը՝ էթիկայի նորմերից, լայն հասարակության մեջ բարձրացված բողոքի ալիքին տրված պատասխանը՝ արվեստագետի կերպարից։ «Խնդիր չէր լինի, եթե այդ բոլոր նվերները հանձնվեին ոչ հրապարակավ,- նշեց նա,- բայց այս ցուցամոլությամբ հենց իրենք թույլ տվեցին, որ այն դառնա հանրային քննարկումների առարկա,,։


08.04.11

Комментариев нет:

Отправить комментарий